Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հայրեր և որդիներ

Հայրեր և որդիներ
15.10.2024 | 07:32

Հավերժական հարցերից մեկն է սա։ Ընթերցելու ընթացքում կարծում եմ, որ յուրաքանչյուրդ ձեզ գտնելու եք այստեղ։ Գալիս է մի պահ, երբ տեսնում եք, որ դուք ոչ այն ծնողն եք, և ոչ էլ այն զավակը, ինչպիսին պատկերացրել կամ միգուցեև երազել եք...

Մտերիմներիցս մեկի մոտ էի գնացել ավտոմեքենայի վերանորոգման համար։

Տրամադրությունն զգացի՝ այնքան էլ լավ չէր։ Սկսեց աշխատելը ավտոմեքենայի վրա։ Լուռ է, բայց տեսնում եմ, որ լարված է, մի տեսակ չուզելով է գործն անում, բայց և զգում եմ, որ խոսել է ուզում։

Քանդեց պտուտակները, լաթի կտորով ձեռքերը մի թեթև մաքրեց։

- Տղադ ո՞նց է, ի՞նչ է անում,- հարցրեց։

- Դե, աշխատում է, վազում է, որ մի բանի հասնի,- ասում եմ։

- Հա դե լավ է, լավ տղա ունես, խելոք, չափի մեջ...

Ամբողջ կյանքը աշխատել է էս մարդը, տուն տեղ դրել, լավ վարպետի համբավ ունի։

- Լսի՛ր, այ Մեխակ, այ ախպեր, տղաս ինձ ասաց արածդ ի՞նչ ա, ի՞նչ ես արել ինձ համար։ Սիրտս կանգնում էր, չիմացա ինչ ասեմ, էս քանի օր է տեղս չեմ գտնում։

Արհեստավոր մարդ եմ, ինչքան կարողացել եմ արել, դրել, ստեղծել եմ։ Իմ չափով։

ՈՒշ են տուն գալիս, անհանգստանում ես, ասում են ի՞նչ ես խառնվել իրար, դու ջահել չե՞ս եղել, ես էլ իմ կյանքն ունեմ և այլն և այլն...

Այս փոքրիկ դրվագում երևի բոլորդ ձեզ տեսաք։

95 %-ի ընտանիքներում մոտովորապես այս և նման պատկերն է։

Ընկերների ծնողների մոտ, ընկերների տանը, համարյա բոլոր երիտասարդները (տղա թե աղջիկ) ներկայանում են չափավոր, ընգծված հարգալիր շարժուձևով և խոսելաձևովով։

- Ի՞նչ լավ տղա (աղջիկ) է,- ասում եք դուք։

Սակայն այդ նույն երիտասարդը իրենց տանը երևում է այլ ռակուրսով...

Չեմ ուզում ներկայացնել այն, ինչը բոլորդ էլ շատ լավ գիտեք։

Ծնողները մինչ այդ կաշվից դուրս են եկել իրենց երեխաներին գոնե ետ չմնալու համար ապահովելու ամենով, ինչը ունեն իրենց մակարդակի ապրուստով մարդկանց երեխաները։

Երբ որ իմ տարիքի մարդիկ (65-70) չունենալով այն ամենի մի փոքր մասը նույնիսկ, ինչ հիմա ունենում են այժմյան երեխաները և երիտասարդները, փորձում են ստեղծել մաքսիմալ կոմֆորտ իրենց զավակնեի համար, ուզում են իրենց չունեցած-կորցրածի տեղը հանել, սա բերում է մի անհասկանալի իրավիճակի...

Բանը հասել է աբսուրդի։

Մենք՝ երկրորդ համաշխարհայինից 10-15 տարի հետո ծնվածներս, մեծի մասամբ պապ չենք տեսել, տեսել ենք տատեր, և պատերազմի քայքայիչ հետևանքներից մի կերպ գլուխ հանող ծնողներ։

Հեծանիվ։ Հեծանիվ չկար էլ, քիչ էր արտադրվում, եղածն էլ մարդիկ չէին կարողանում գնել։ Քանի՜- քանի անգամ ենք անցել ունիվերմագի մոտով, երազանքով սպասել, թե երբ կունենանք այն։

Ճագար էի պահել, վաճառել, մի օգտագործած հեծանիվ ճարել, գնել 15 տարեկանում։

Հիմա մենք մեր երեխաների, թոռների համար այնքան հեծանիվ ու տարբեր անպետք խաղալիք ենք գնում, որ տանը տեղ չի մնում դասավորելու կամ գոնե չխանգարելու համար։

Հասարակությունը դեգրադացված, քայքայված, կիսատ-պռատ պատկերացումներ ունի կյանքի մասին։

Ընտանիքի համար չմտածող, ամեն ինչին մատների արանքով նայող, իր ակնթարթային «կայֆի» մասին հոգ տանող մարդու մասին հասարակությունը չի էլ մտածում։ Նրա զավակները ձեռքները թափ են տալիս և մտածում ինչ-որ բան ձեռնարկելու մասին։

Իսկ այ, ստեղծող, գոնե ջանացող մարդու զավակները կարող են այդ մարդու երեսին շըփացնել, թե ինչ ես արել, որ։

Ջահել ջան, դու միացիր հորդ, մորդ սկսած գործին, նոր շտրիխ դիր, նոր բան առաջարկիր, ձեռնարկիր, բայց մի՛ ասա, թե ինչ ես արել, որ։

Դրանով դու սպանում ես հորդ, մորդ...

Դրանով դու թևաթափ ես անում ծնողիդ։

Ծնողիդ հետ խոսել սովորիր։

Տիկտոկից ու լկտի ալիքներից դուրս արի։

Ինչ եմ նկատել։ Ինչ-որ տեղ հավաք է.

ծննդյան տոն, հարսանիք, նշանդրեք և այլն։ Երիտասարդ մարդիկ ինչ-որ բան են նայում մեկի հեռախոսով։ Քրքիջ, կեղծ ծիծաղ, ղզիկ արտահայտություններ, նայում ես, տիկտոկ կամ ինչ-որ մի այլասերված ալիքի էժան, անգրագետ տեսարան կամ բառակույտ, հեռախոսի կամ ավտոմեքենայի մասին խոսակցություն։

Ձեզ հեշտությամբ հավաքագրում և փչացնում են, կամակատար են դարձնում։

Գիրք կարդացեք, մշակեցեք ձեր ուղեղը, թույլ մի տվեք, որ մեսենջերներով, տելեգրամներով, ինստագրամներով, տիկտոկներով ու եսիմ ինչերով, կեղտոտ ինֆոներով մշակեն ձեզ, ձեր գիտակցությունը։

Դուք ալարում եք կարդալ նույնիսկայսքանը։ Լավ օրինակից օգտվեք։

Մի խոսքով, ասելու շատ բան կա։

«Ծանր ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց։

ՈՒժեղ մարդիկ ստեղծում են լավ ժամանակներ։

Լավ ժամանակները ծնում են թույլ մարդկանց։

Թույլ մարդիկ ստեղծում են ծանր ժամանակներ»- Պլատոն:

Մեխակ ՍԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ